Համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի, այլ պահպանվի հրադադարը. ԱԳ փոխնախարար

Armenpress 14:52, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների օրակարգում մեկ հարց է՝ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պահպանվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող առանձին-առանձին հանդիպումներին:

«Դա շատ կարևոր է այն առումով, որ առ այսօր երեք համանախագահներից առավել ակտիվ են Ռուսաստանը, Ֆրանսիան: Հրադադարի հայտարարման փորձը երկրորդ անգամ ֆրանսիական կողմի ջանքերով էր: Եվ հիմա ամերիկյան կողմի միանալն էլ կարևոր է: Այսինքն՝ մենք պետք է գիտակցենք, որ տվյալ պարագայում երեք համանախագահների մոտ էլ օրակարգում մեկ հարց է, որ ոչ միայն հայտարարվի հրադադար, այլ նաև այդ հրադադարը պաշտպանվի, իրականացվի»,-ասաց Քոչարյանը:

Նա նաև նշեց, որ ներկա փուլում երեք համանախագահներն ունեն մեկ մանդատ: Եվ այդ մանդատը կայանում է նրանում, որ նպաստեն կողմերի փոխզիջումների միջոցով ընդհանուր հայտարարի հասնելուն: Երկրորդ մանդատն է թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները: «Օրակարգում միջնորդների կողմից համար մեկ խնդիր է դրված այն, որ լինի հրադադար, որը կպահպանվի»,-կրկնեց փոխնախարարը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Աննա Գրիգորյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am