Ինչն է խանգարում ԵԽ-ին հատուկ խումբ ուղարկել Արցախ. Բեգլարյանը արձագանքեց Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերին

Armenpress 19:59, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը զուտ որպես հայտարարություն է դիտարկում Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի խոսքերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց հոկտեմբերի 19-ին «Ազատություն ռադիոկայան»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշպանության հարցը առաջին պլան է մղվում:

«Ինչու, որովհետև անցած տարի հոկտեմբերի կեսերի Եվրոպայի խորհրդի  գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հայտարարություն արեց, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ մուտք ունենան  առանց որևէ խոչընդոտների և որևէ կերպ չպետք է հաշվի առնել անդամ երկրների կարծիքները:  Մեկ տարի առաջ դա հայտարարվել է, առ այսօր որևէ քայլ չեն կատարել: Հիմա երեք շաբաթ է պատերազմ, է մարդկային մեծաքանակ  զոհեր, վիրավորներ կան քաղաքացիական և զինվորական շրջանում, Եվրոպայի խորհուրդը դեռ ասում է պետք է: Ինչն է խանգարում Եվրոպայի խորհրդին, որ հատուկ խումբ ուղարկի Արցախ, որովհետև Արցախը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում: Հայաստանը և Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամներ են: Արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական իշխանությունների կարծիքը այդքան էական է Եվրոպայի խորհրդի համար, և այն ադրբեջանական պետության, որտեղ ամեն օր մարդու իրավունքներ են խախտվում, որոնց մասին Եվրոպայի խորհուրդը բոլոր նստաշրջաններում խոսում է: Բոլորի համար է ակնհայտ, որ պատերազմը Ադրբեջանն է սկսել»,- ասաց Բեգլարյանը:

Բեգլարյանը նշեց, որ  Բուրիչը մինչև հիմա ասում է, որ չճանաչված պետությունները պետք է Եվրոպայի խորհուրդ անարգել մուտք ունենան:

«Տեղներիցդ շարժվեք, դա մարդկային կյանքեր է արժենում, երբ չեք շարժվում ձեր տեղից և հստակ սանկցիաներ չեք կիրառում հանցագործների հանդեպ: Եվրոպայի խորհուրդը իր արժեքների մասին է խոսում, բայց այդ արժեքները չի պաշտպանում: Եվ արդեն դրանից հետո պետությունները, մարդիկ չեն վստահում ձեզ, հիասթափվում են»,- եզրափակեց Բեգլարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am