Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Քաշաթաղում վնասվել են բնակելի տներ և ենթակառուցվածքներ

Armenpress 19:38, 19 Հոկտեմբեր, 2020

ՔԱՇԱԹԱՂ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ճշտվել են ադրբեջանական զինուժի կողմից Քաշաթաղի շրջանի բնակավայրերի հրթիռակոծման հետևանքները:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է, որ վնասվել են բնակելի առանձնատներ և ենթակառուցվածքներ:

«Հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով հրադադարը, կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: Մասնավորապես հրթիռակոծել են Մարտունի քաղաքը և Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Հուրգավան համայնքները: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»,- ասաց Թադևոսյանը:

Նրա խոսքով` հիմնականում վնասվել են բնակարանները, ճանապարհները. հակառակորդը պարզապես նյութական վնաս է հասցրել  բնակչությանը:

Արտակարգ պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի խոսքով` վնասների չափերի վերաբերյալ տվյալները դեռևս ճշտվում են:

Վան Նովիկով



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am