Բրիտանահայերը բողոքի ակցիա են անցկացրել BBC-ի դիմաց

Armenpress 18:20, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայերը BBC մեդիաընկերության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել «Ամոթ BBC-ին»,  «Ներկայացրեք ճշտմարտությունը», «Զեկուցեք, թե ինչ է կատարվում», «Զեկուցեք, որ նրանք ռմբակոծում  են խաղաղ բնակավայրերը, եկեղեցիները» կոչերով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչները հեռուստաընկերությունից պահանջել են ճիշտ լուսաբանել Արցախում տիրող իրավիճակը։ 

«Հավաքը հենց դրա դեմ էր, որ մենք չենք ուզում, որ BBC-ն բառախաղերով, վերնագրերի մեջ խույս տալով ներկայացնի իրականությունը, այլ ներկայացնի, որ սա միանշանակ ադրբեջանական ագրեսիա է, որ սա նրանց կողմից հրահրված պատերազմ է։ Մենք ձգտում ենք խնդիրը լուծել խաղաղության միջոցով»,- «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում ասել է Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչ Տիգրան Ալեքսանյանը։ 

Նրա խոսքով՝ ցույցին մասնակցել է 150-200 մարդ։ Ակցիան լուսաբանել են լրագրողներ։ 

«Մեր թիրախը հենց BBC-ի ունկնդիրն էր, այսինքն՝ երբ բրիտանական հասարակությունը լսում է, BBC-ն ընդունում է որպես ճշմարտության աղբյուր։ Այս միջոցառման շնորհիվ նրանք կսկսեն կասկածի տակ դնել, թե ինչպես է BBC-ն ներկայացնում: Այս առումով, կարելի է ասել, որ հաջողված ակցիա էր»,- նշել է Տիգրան Ալեքսանյանը։ 

Այս ցույցից հետո հայերը բողոքի ակցիա են անցկացրել Լոնդոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան մոտ։ 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am