Ադրբեջանը հարձակվել է Իրանի և Արցախի սահմանային Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ 

Armenpress 09:07, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը, նոր մարդասիրական հրադադարը խախտելով, հոկտեմբերի 18-ի վաղ առավոտյան հարձակումն իրականացրել է հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար)` բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է. «Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական հրադադարը: Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ»։

Խուդաֆերինի կամ Խոդա Աֆարինի ջրամբարն արհեստական լիճ է Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին: ԻԻՀ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետր, իսկ Արցախի Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Ադրբեջանի զինված ուժերը հրադադարից 4 րոպե անց խախտել են այն` գիշերվա ընթացքում հասցնելով հրթիռահրետանային հարվածներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am