Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայոց եռագույնով

Armenpress 10:53, 16 Հոկտեմբեր, 2020

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Fox11» հեռուստակայանը, հայոց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, լուսավորել է Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը՝ որպես համերաշխություն ու սատարում ամերիկահայ համայնքին:

Հոկտեմբերի 11-ին Լոս Անջելեսում բազմահազարանոց «Հաղթանակի երթ» ու ցույց է անցկացվել Թուրքիայի հյուպատոսության առջև՝ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների սանձազերծած ագրեսիայի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու համար: Լայնամասշտաբ բողոքի ակցիային միացել էին ինչպես ամերիկահայեր, այնպես էլ օտարազգի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ: Նախաձեռնության մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու պաստառներ՝ «Արցախը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար» խորագրերով:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am