Ուկրաինայի հայ համայնքր ակտիվորեն աջակցում է Հայաստանին

Armenpress 21:58, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի  առաջին օրից սկսած Ուկրաինայում հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ, որի նպատակն է մոբիլիզացնել համայնքի բոլոր ռեսուրսները և օգնել Արցախին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը:

«Կիեւում մոբիլիզացրեցինք մեր բոլոր ռեսուրսները, կազմակերպեցինք դրամահավաք և հումանիտար օգնություն: Այնուհետեւ Երեւանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժած քաղաքացիներին օգնելու համար»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ աշխատանքներն ավելի արդյունավետ կատարելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ այցելեց Երեւան:

Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` աշխատանքային խմբի մեջ են մտել Ուկրաինայի մարզային հայ համայնքների նախագահներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանից կամավորներ:

«Արդեն Ուկրաինայի հայ համայնքի կողմից ձեռք են բերվել շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրոգեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննաներով բեռ է եկել: Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր Արցախից տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով»,- ընդգծեց Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալի խոսքով` տուժածները ամեն օր ստանում են իրենց սննդի ծանրոցները , ինչպես նաև հիգիենայի պարագաներ:

«Այդ օգնությունը շարունակական բնույթ է կրելու»,- եզրափակեց Մկրտչյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am