ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցը չեղարկելու դիմումը

Armenpress 20:41, 14 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Թուրքիայի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի չեղարկման վերաբերյալ այդ երկրի կառավարության դիմումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԻԵԴ-ը  հաղորդագրություն է տարածել:

Դատարանը ուժի մեջ է թողել Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա կայացրած միջանկյալ միջոցի կիրառման որոշումը առ այն, որ Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից, որոնք կխախտեն քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանված իրավունքները:  

Հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ էր ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:

Հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր ՀՀ կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց կիրառել։ Որոշման մեջ մասնավորապես ասված էր. «Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am