Բելգիահայ թավջութակահարը Կոմիտաս է նվագել հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում

Armenpress 21:26, 12 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում նվագել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կատարման տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանը երկու անգամ հրթիռային հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, որի հետևանքով վիրավորում են ստացել 3 ռուս լրագրող, որոնցից մեկի վիճակը ծանր է:

Սևակ Ավանեսյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկան հասակում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է : Նա եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները  հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am