Վրաստանը ողջունում է ԼՂ գոտում մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի առաջընթաց գրանցել:
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ.
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային մոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը