Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով կրակի դադարեցման համաձայնությունը

Armenpress 14:29, 10 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը ողջունում է Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Իրանը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ որպես քայլ դեպի խաղաղություն»,- գրել է նախարարը:

Իրանն իր հարևաններին նաև կոչ է արել սկսել բովանդակային երկխոսություն՝ հիմնված միջազգային իրավունքը հարգելու վրա: Զարիֆը նաև նշել է, որ իրենք գնահատում են ռուս հարևանների կառուցողական ջանքերը:

Հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին ուժի մեջ մտավ Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը: Սակայն, անտեսելով դա, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը։

Համաձայնությունը ձեռք էր բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած և ավելի քան 11 ժամ տևած քննարկումների արդյունքում և արձանագրվել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ հայտարարությամբ. «Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը»։

 

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am