ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ

Armenpress 16:43, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը:

Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:

Երևանում հոկտեմբերի 9-ին անցկացվեց Եվրասիական միջկառավարական խորհրդի հանդիպումը՝ նեղ և ընդլայնված կազմերով: Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am