Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը. Ռուբեն Ռուբինյան

Armenpress 16:17, 9 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի համոզմամբ` Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա միջազգային քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռուբինյանն ասաց հոկտեմբերի 9-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում:

«Ադրբեջան-թուրքական ահաբեկչական այս հարձակումից հետո աշխարհը պետք է ի վերջո սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Արցախի միջազգային ճանաչումը պետք է դառնա օրակարգի թիվ մեկ հարցը»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբեն Ռուբինյանը հավելեց, որ այս պատերազմի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային հանրության, Հայաստանի մի շարք գործընկերների շրջանում էապես փոխվել են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Նորայր Շողիկյան

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am