Ադրբեջանը դարձյալ թիրախավորել է Ստեփանակերտն ու Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Armenpress 17:41, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Զինված ուժերը դարձյալ թիրախավորում են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրային ռադիոյի տնօրեն Անի Մինասյանը նշեց, որ մայրաքաղաքում օդային տագնապի ազդանշանն այսօր առավոտից չի լռել:

«Այսօր առավոտից իրար հետևից հարվածներ են հասցնում: Տագնապի ազդանշանի ձայնը չի լռում: Քիչ առաջ նորից հարվածեցին»,- ասաց Մինասյանը:

Արցախի նախագահի Արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ առավոտյան հարվածներից հետո, հիմա դարձյալ թիրախավորել են նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Նորից թիրախավորել են Ղազանչեցոցը: Սա ուղղակի նրանց ոճի մեջ է մտնում, որովհետև սա ցեղասպան քաղաքականություն է և մշակութային ցեղասպանություն է, որովհետև թիրախավորել եկեղեցին, ոչ այլ ինչ է, քան հայոց արժեհամակարգը թիրախավորել»,- նշեց Բաբայանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am