Առաջնագծում են նաև ԱԱԾ կամավորները

Armenpress 13:28, 8 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների այս վճռորոշ օրերին առաջնագիծ են մեկնում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կամավորական խմբեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

«Համայն հայության համար կարևորագույն այս ժամանակահատվածում իրենց  առաքելությունն օրնիբուն անձնվիրաբար ու նորովի լիցքերով են կատարում նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:

Այս ամենին զուգահեռ պետք է ընդգծենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Արցախի Հանրապետության ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, շուրջօրյա ռեժիմով իրականացնում է իր լիազորություններից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ արդյունավետ կերպով համադրելով հայրենիքի պաշտպանության ու մեր հայրենակիցների անվտանգության ապահովման բացառիկ կարևոր գործառույթների ամբողջական իրականացումը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կամավորագրման աշխատանքները շարունակվում են, և, ըստ անհրաժեշտության, առաջնագիծ կմեկնեն նաև նոր խմբեր»,-նշել են ծառայությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am