ԱՆ-ն վիրավոր զինվորների վիճակն ու գտնվելու վայրը պարզելու համար թեժ գիծ կգործարկի

Armenpress 12:28, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է առաջիկայում գործարկել թեժ գիծ, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների ժամանակահատվածում բազմաթիվ ահազանգեր են լինում, երբ հարազատները երկար ժամանակ չեն կարողանում գտնել իրենց զինծառայողներին կամ որևէ տեղեկություն սատանալ նրանց մասին:

«Այսօր կամ վաղն այդ հարցը վերջնականապես կկանոնակարգվի: Լինելու է թեժ գիծ, որով հնարավոր կլինի պարզել այս կամ այն զինծառայողի գտնվելու վայրը, վիճակը: Չնայած ի սկզբանե բոլոր ճանաչված վիրավորները հիմնականում կարողանում են կապ հաստատել իրենց ծնողների հետ, եթե նրանք գիտակցության են: Շատ քիչ դեպքեր ենք ունենում, որ անճանաչելի վիրավորներ են լինում, քանի որ անգիտակից վիճակում են լինում սկզբից, և, իրավիճակով պայմանավորված, հայտնի չի լինում՝ նրանք որ զորամասից են, անուն-ազգանունները և այլն: Նրանց ճանաչման պրոցեսը մի փոքր այլ է, որով կրկին մենք և ՊՆ-ի մեր գործընկերները զբաղվում ենք»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ համակարգի վերջնական պատրաստ լինելու դեպքում կտարածվի հայտարարություն, որի մասին հաղորդագրություն կտարածվի:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվում են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Օրեր առաջ Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, դրա հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am