ՀՀ ազգային ժողովի նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ

Armenpress 10:42, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նիստը մեկնարկեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հոկտեմբերի 6-ի նիստի մեկնարկին պատգամավորներին նման խնդրանքով դիմեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվում են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am