Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին. ՀՀ նախագահի մեկնաբանությունը CNN-ին

Armenpress 00:02, 6 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ, եթե միջազգային հանրությունը չկանգնեցնի Թուրքիային, ապա Կովկասը կարող է վերածվել նոր Սիրիայի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանն ընդգծել է, որ այս մասին հայտնել է տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ իր զրույցներում:

«Ես այս մասին խոսել եմ տարբեր երկրների բազմաթիվ նախագահների ու վարչապետների հետ: Խնդրել եմ նրանց միջամտել և ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա` կանգնեցնելու տարածաշրջանում Թուրքիայի միջամտությունը, քանի որ այդ երկրի միջամտությունը հակամարտությունը բարձրացնում է այլ մակարդակի իր մասշտաբներով և կարող է Կովկասը նոր Սիրիա դարձնել»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ եթե Կովկասը վերածվի նոր Սիրիայի, ապա դա կանդրադառնա նաև Եվրոպայի և այլ տարածաշրջանների վրա:

«Եթե Կովկասը վերածվի Սիրիայի, ապա Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Եվրոպային, Աստված պահապան Կենտրոնական Ասիային: Դա կազդի բոլորի վրա, ներառյալ՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Եթե Թուրքիան զսպվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի օգնությամբ, այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք զինադադարի և բանակցությունների սեղան վերադառնալու, որովհետև այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, կարող է լինել միայն խաղաղ, դիվանագիտական լուծում»,- նշել է նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am