Վստահ եմ` Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի. Միրզոյան

Armenpress 23:20, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Վերադառնում եմ Ստեփանակերտից։ Մեր 18-20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են։ Միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։ Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- գրել է Միրզոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am