Արցախի նախագահի մամուլի խոսնակն Ադրբեջանին կոչ է անում ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ

Armenpress 22:27, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն Ադրբեջանին կոչ է անում ուշքի գալ, քանի դեռ ուշ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Եվս մի քանի օր, վախենամ, թե  հնագետներն անգամ չկարողանան Գյանջայի տեղը գտնել։ Ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Պողոսյանը:

Հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտարարել էր, որ հօդս ցնդել Գյանջայի ադրբեջանական ռազմական ավիաբազան: Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Հարությունյանը հավելել էր, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դառնում են Պաշտպանության բանակի թիրախները: Նա Ադրբեջանի բնակչությանը կոչ էր արել արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար և շեշտել, որ այս ամենի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել և հրթիռակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաք, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել է քաղաքացիական 19 անձ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ պատերազմում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am