ՊԲ-ն թիրախավորում է բացառապես ռազմական օբյեկտները. Հովհաննիսյանը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները

Armenpress 21:40, 5 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակը թիրախավորում է Ադրբեջանի բացառապես ռազմական օբյեկտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 5-ին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով ադրբեջանական ապատեղեկատվությունը:

«Այսօր առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սկսեցին Արցախի բնակավայրերի մասսայական հրթիռակոծությունը: Արցախի ՊԲ-ն համապատասխան պատասխան է տալիս Ադրբեջանի գործողություններին` թիրախավորելով բացառապես ռազմական թիրախները: Այս առումով ապատեղեկատվություն են բոլոր մեղադրանքները, որոնք ուղղված են հայկական կողմին»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այսօր կայացած և շարունակվող մարտերի ընթացքում հակառակորդը մեծ կորուստներով հետ է շպրտվել:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Նորայր Շողիկյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am