Հինգ զինծառայող արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման, նրանցից մեկը՝ հետմահու

Armenpress 15:00, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս հինգ զինծառայող արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը. նրանցից մեկը՝ հետմահու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսանյութի միջոցով հայտնեց ԱՀ նախագահը:

«Ես շարունակելու եմ ոգևորել առաջին հերթին մեր զինվորներին և սպաներին: Այսօր իմ հրամանագրով ևս 5 զինծառայող արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը: Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հասցրել է Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել 15 տանկ և 1 միավոր ՀՄՄ: Նա այժմ շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում: Արցախի հերոսի կոչմանն արժանանում է նաև Էդգար Էդվարդի Մարկոսյանը, ով այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Հաջորդը՝ Յուրա Հայկարամի Ալավերդյանն է: Նա Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա: Գնդապետ Սերգեյ Շաքարյանն Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը: Դուք Արցախի իրական հերոս եք»,- նշեց Հարությունյանը:

Հետմահու Արցախի հերոսի կոչմանն է արժանացել նաև Դավիթ Վանիկի Ղազարյանը: ԱՀ նախագահի խոսքով՝ Ղազարյանը մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով և հերոսություն է կատարել:

«Ցավակցում եմ բոլորիս, բայց հպարտ եմ նաև, որ ունենք Դավիթ Ղազարյանի նման շատ հայրենակիցներ: Շարունակվելու է իմ կողմից, պետության կողմից մեր հայրենակիցների հերոսությունների հետագա գնահատման աշխատանքը: Նրանք բոլորը հերոսներ են: Փառք մեր հերոսներին, մեր զինվոր հերոսներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիմելով մեր հայրենակիցներին՝ Հարությունյանը շեշտեց, որ առաջին հերթին պետք է լինել դուխով ու վճռական, և հաղթականը ապահովված կլինի:

Արցախի նախագահը խոսեց նաև իր՝ առաջնագիծ մեկնելու մասին.

«Նախ՝ ինչու եմ գնացել առաջնագիծ: Մտահոգվելու բան չի եղել: Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, ովքեր, իրականում, ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ: Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, ով գտնվում է առաջնագծում», - ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ ունենք ամենապրոֆեսիոնալ բանակը: 

«Ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առաջ, ասել, որ դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք»,- շեշտեց ԱՀ նախագահը:

Նա գոհունակությամբ նշեց սպայական անձնակազմի հերոսության մասին՝ ովքեր հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը:

«Մեզ հենց դա է պետք: Ապրելու համար մենք պետք է հաղթահարենք այդ բարդույթը և բոլորս պատրաստ լինենք զոհվելու»,- նկատեց Հարությունյանը:

Հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել նաև «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:

 Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am