Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել. սահմանամերձ ԲԿ-ում օգնություն ցույց կտան վիրավորներին

Armenpress 02:25, 4 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:

«Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան՝ Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,- գրել է Սարգսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am