Փաշինյանը պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Armenpress 21:26, 3 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պատասխանել է Արցախում սփյուռքի հայերի բնակեցման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանը նշել է, որ Արցախում սփյուռքից ժամանած հայերի բնակեցումը բնական երևույթ է, որի հետ Հայաստանի իշխանություններն առնչություն չունեն:

«Պնդումներն այն մասին, որ Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին բնակեցնում է ԼՂ-ում, անհիմն են երկու պատճառով: Առաջին հերթին, քանի որ Հայաստանի կառավարությունը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի տարածքային զարգացման հետ։ Երկրորդ` տարիներ շարունակ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ մարդիկ արտագաղթել են իրենց տներից: Նրան բնակվում են աշխարհի տարբեր մասերում` Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և ես չեմ բացառում, որ նրանցից ոմանք կարող են վերադառնալ և ապրել իրենց տներում: Անտրամաբանական է դա ներկայացնել, որպես անսովոր մի բան»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ալիևը չի ասել «անսովոր», նա ասել է «սադրանք», ՀՀ վարչապետը նշեց, որ, եթե 15, 20 կամ 30 տարի առաջ որևէ մեկն արտագաղթել է և հիմա ցանկանում է վերադառնալ իր տուն, որտե՞ղ է դրանում սադրանքը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am