Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 21:26, 2 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը՝  հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը համեմատելի չէ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակի հետ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am