Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Armenpress 17:35, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am