ՀՀ նախագահը շնորհավորել է Սի Ծինփինին` ՉԺՀ-ի կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ

Armenpress 12:22, 1 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման 71-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները խարսխված են բարի կամքի, փոխադարձ վստահության ու բարեկամության վրա և ամրապնդվում են մեր ժողովուրդների պատմական առնչություններով ու փոխադարձ համակրանքով։

«Մեծ նշանակություն եմ տալիս այս կարևոր փուլում մեր երկրների միջև բարձր մակարդակի երկխոսության ամրապնդմանը և փոխադարձ աջակցությունը։ Մեծապես կարևորելով Չինաստանի հետ համակողմանի գործընկերության հետևողական զարգացումը և ընդլայնումը տարբեր ոլորտներում՝ համոզված եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս ամրապնդվելու և խորանալու են՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին մաղթել է քաջ առողջություն, նորանոր հաջողություններ և ամենայն բարիք, իսկ բարեկամ չին ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am