ՄԻՊ-ը այցելել է Ադրբեջանի կողմից հրետակոծված Գեղարքունիքի մարզի բնակավայրերը

Armenpress 23:58, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով այցելել է  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղեր՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թաթոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։  Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը»,- գրել է Թաթոյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 920 կորուստ և 2100 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 83 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 166 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 1 «Սմերչ»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am