Կառավարությանը տնտեսության զորահավաքային նոր պլան հաստատելու իրավասություն կտրվի
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
«Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը առավել արդիական է՝ ներկայումս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում:
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված և համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախում զոհվել է 4 քաղաքացիական անձ՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:
Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Ճշտված տեղեկություններով ադրբեջանական կողմն ունի ավելի քան 790 մարդկային կորուստ և 1900 վիրավոր, կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ, 3 միավոր ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:
Աննա Գրիգորյան
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը