Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը.Փաշինյան

Armenpress 10:06, 30 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:

«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am