Կարգավորվում են տեխնիկական խնդիրները ՌԴ-ից դեղորայքի և մարդասիրական օգնության ՀՀ տեղափոխման համար

Armenpress 18:47, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի շատ երկրներից հայեր, օտարերկրացիներ Արցախին աջակցելու նպատակով մարդասիրական օգնություն են հավաքել, այդ թվում՝ դեղորայք և բժշկական պարագաներ, որոնց Հայաստան տեղափոխման տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:  

Ռուսաստանի հայ համայնքը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցության: Արդեն իսկ դեղերով և բժշկական պարագաներով բեռը սպասում է Հայաստան հասնելուն: Դեղերի տեղափոխման հետ կապված հարցերը լուծվում են կառավարության աջակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

«Ամբողջ աշխարհում սփյուռքը շատ մտահոգված է իրավիճակով և շատ մեծ աջակցությունն է առաջարկում Հայաստանին, Արցախին: Շատ սերտ համագործակցություն ունենք բոլորի հետ, ունենք առաջարկներ՝ և դեղերի, և բժշկական նշանակության ապրանքների, սարքավորումների մասով:  Ռուսաստանի  հայ համայնքի կողմից առաջիկայում սպասում ենք դեղերի և բժշկական նշանակության ապրանքների խմբաքանակ»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ շատ կարևորում են այդ համագործակցությունը:

Նա շեշտեց՝ աջակցությունը մեծ կարևորություն ունի, սակայն կարևոր է նաև, թե ինչպես է դա իրականացվում: «Դեղերն ունեն ջերմային ռեժիմի պահպանման կանոններ: Եղանակային պայմանները ևս պետք է հաշվի առնել»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիրներ հավաքված դեղերը, բժշկական պարագաները Հայաստան հասցնելու հետ կապված՝ նա նշեց, որ ներկայումս կառավարությունում զբաղվում են տեղափոխման կազմակերպչական, տեխնիկական հարցերի լուծմամբ:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am