Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին ծննդյան օրվա առթիվ

Armenpress 17:51, 29 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ձեր կյանքի ուղին անձնուրաց աշխատանքի, հայրենիքին և ժողովրդին ծառայելու, մարդկանց, նրանց հոգսերի և կարիքների հանդեպ նրբանկատ վերաբերմունքի վառ օրինակ է: Ձեր անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ:

Մեր Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում Ձեր մեծ ներդրումը:

Դուք իրավամբ վաստակել եք հայ ժողովրդի սերը, հարգանքը և երախտագիտությունը, և պատահական չէ, որ Ձեզ շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչում»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am