Վարդենիսում Ադրբեջանի հարվածների հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր առավոտյան տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:
Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- նշել է Նաղդալյանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը