Ադրբեջանն ամիսներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին. Արցախի նախագահ

Armenpress 22:32, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Հանրապետությունն ամիսներ շարունակ պատրաստվել է Արցախի դեմ լայնածավալ պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը բավականին երկար է պատրաստվել այսօրվա պատերազմին: Ամիսներով պատրաստվել են այս օրվան, որպեսզի նաև փորձեն վնասազերծել մեր կապի ուղղությունները: Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին և ամբողջ աշխարհը գիտի, որ ստում է: Մենք տեղադրում ենք հակառակորդի խոցված հարձակողական տեխնիկան, իսկ իրենք տեղադրում են մեր պաշտպանական զենքերի լուսանկարները: Նրանք փորձել են առաջին հերթին վնասազերծել մեր հակաօդային ուժերը, որպեսզի կարողանան խոցել մեր քաղաքացիական օբյեկտները»,- ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահը հավելեց, որ այժմ կռվում են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ ուժերի դեմ, իսկ նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am