Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

Armenpress 21:19, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դատապարտել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շերմանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին:

«Մենք պետք է դատապարտենք այս ագրեսիան և հորդորենք Բաքվին դադարեցնել հարձակողական ռազմական գործողություններն ու վերադառնալ խաղաղ բանակցային սեղան: Մենք պետք է դադարեցնենք ռազմական օգնությունն Ադրբեջանին և կոչ անենք Թուրքիային` զերծ մնալ զինամթերքի կամ գրոհայիններ տեղակայումից»,- գրել է Շերմանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 58 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 47 զրահատեխնիկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am