Կնյազ Հասանովը կոչ արեց տարբեր երկրների իր քուրդ հայրենակիցներին զորակցություն հայտնել հայ ժողովրդին

Armenpress 14:20, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը կոչ արեց Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իր քուրդ հայրենակիցներին, որ իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ կանխելու թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորն ասաց խորհրդարանում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը:

«Հենց առաջին օրից թուրքական իշխանությունը տարածեց հայտարարություն, որ զորակցում է Ադրբեջանին և միշտ կանգնելու է նրա կողքին: Թուրքական իշխանությունները նույն ձևով ամեն օր բացահայտ հայտարարում են, որ պետք է ոչնչացնել քրդական բոլոր կուսակցություններին և քուրդ ժողովրդին»,-նկատեց Հասանովը:

Պատգամավորը նշեց, որ  ամեն օր ցեղասպանություն է կատարվում քուրդ ժողովրդի նկատմամբ: «Մենք դատապարտում ենք թուրքական իշխանությունների և Ադրբեջանի այս դիվերսիան և միաժամանակ մեր աջակցությունն ու զորակցությունը հայտնում հայ ժողովրդին և միշտ կանգնելու ենք նրա կողքին»,-ասաց նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրքական իշխանությունները բացահայտ ցեղասպանություն են կատարում քուրդ ժողովրդի նկատմամբ և 100 տարի առաջ այդ նույն ցեղասպանությունը կատարել են հայ ժողովրդի նկատմամբ՝ պատգամավորը դիմեց կոչով. «Կոչ եմ անում Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի իմ քուրդ հայրենակիցներին, որ սատար կանգնեն և իրենց զորակցությունը հայտնեն հայ ժողովրդին՝ թուրքական և ադրբեջանական իշխանությունների հեռահար նպատակների դեմն առնելու»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Աննա Գրիգորյան

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am