ՌԴ ԱԳՆ-ն արտաքին և ներքին խաղացողներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել՝ ԼՂ իրավիճակի հարցում

Armenpress 12:51, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան կոչ է անում արտաքին և ներքին բոլոր խաղացողներին առավելագույն զսպվածություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Կոչ ենք անում բոլոր արտաքին և ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում՝ հռետորաբանության առումով: Այժմ կարևոր է առավելագույնս զգույշ լինել՝ անմիջապես հրադադարի ռեժիմի հասնելու և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու համար»,-ասել է նա:

Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, 1991 թվականից ակտիվ մասնակցում է այս գործընթացին: «Մենք մտադիր ենք շարունակել կապերը բոլոր գործընկերների հետ»,-ասել է փոխարտգործնախարարը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի  31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am