Ավստրիան միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմը դադարեցվի. Գուդրուն Կուգլեր

Armenpress 12:15, 28 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի խորհրդարանի անդամ, հայ-ավստրիական բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ պետք է ամեն ինչ անի, որ պատերազմն անմիջապես դադարեցվի:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կուգլերն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայկական գյուղերի վրա հարձակումներ, սպանված քաղաքացիներ, երկու կողմերում էլ պայքարելու պատրաստակամություն, և Թուրքիան միանգամից ցանկանում է միանալ: Մեծ անհանգստություն՝ պատերազմի մասին»,-գրել է Ավստրիայի խորհրդարանի անդամը:

Նա շեշտել է, որ Ավստրիան, միջազգային հանրության հետ միասին, պետք է ամեն ինչ անի, որպեսզի պատերազմն անմիջապես դադարեցվի և երկխոսությանը վերադարձ կատարվի:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի  27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի  31 զոհ և կա շուրջ 200-ից ավելի վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից  նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում։

Պատրաստեց Աննա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am