Հակառակորդը կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ,  33 տանկ և հետևակի մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա

Armenpress 22:42, 27 Սեպտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերջին տվյալները։

«Արցախի պաշտպանության բանակի  համապատասխան ծառայությունների հավաստի տվյալների համաձայն՝ Ադրբեջանի զինուժի կորուստները կազմում են՝ - 4 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ հարվածային, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 2 ինժեներական զրահատեխնիկա»,- «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am