Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Armenpress 16:49, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լեհաստանի Արտաքին գործերի նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում:

«Լեհաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական բախումների մասին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և վերսկսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ բանակցությունները»,- նշված է հրապարակման մեջ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Հայկական կողմն Ադրբեջանի Զինված ուժերի փոխգնդապետ է ոչնչացրել: ՊԲ կորուստները ճշտվում են: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am