Վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց Թուրքիային զերծ պահել հնարավոր միջամտություններից

Armenpress 16:38, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները լավ գիտակցում են, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների ուղղությամբ ռւ դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը կոչ արեց գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: «Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am