Հակառակորդի սադրանքների պատճառով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտ

Armenpress 15:36, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած մարտական գործողությունների հետևանքով ծանր վիրավորված քաղաքացիները տեղափոխվում են Ստեփանակերտի բժշկական կենտրոններ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՀ պաշտպանության նախարարության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը։

«Այս պահին ԱՀ առողջապահության համակարգն ամբողջությամբ բերված է բարձր պատրաստականության, հիվանդանոցները հնարավորություն ունեն ընդունելու վիրավորներին, և այս պահին ընդունվում են։ Բոլոր բուժաշխատողները, բժիշկներն արդեն կատարում են իրենց առջև դրված բոլոր պարտականությունները։ Շրջաններից ծանր դեպքերը տեղափոխվում են Ստեփանակերտի բուժհաստատություններ»,- նշեց Առաքելյանը։

Նրա խոսքով՝ իրենց գերատեսչության ենթակայության տակ գտնվող բուժհաստատություններն ամբողջությամբ ապահովված են համապատասխան քանակի դեղորայքով, բժշկական նյութերով և այլ անհրաժեշտ պարագաներով։ Առաքելյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում լինելու է աջակցություն ցանկացած դեպքում։

 Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 4 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am