ՀՀ ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի

Armenpress 14:46, 27 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը սեպտեմբերի 27-ին հատուկ նիստ կգումարի : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ նիստին մասնակցելու նպատակով լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող մուտք գործել խորհրդարան:

Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am