Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ

Armenpress 20:21, 26 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնում տեղի ունեցավ Կոմիտասի ծննդյան 151-ամյակին նվիրված բացօթյա համերգ․ հորդառատ անձրևի պատճառով համերգի մի մասն անցավ փակ դահլիճում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումն անցկացվեց «Կոմիտասին 151» խորագրի ներքո: Համերգին հանդես եկան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար Սոնա Հովհաննիսյան) և Կոմիտասի անվան ազգային քառյակը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի ներկայությունը ժողովրդի կյանքում չպետք է պայմանավորված լինի միայն հոբելյանական միջոցառումներով: «Նման միջոցառումները լուրջ խթան են Վարդապետի ժառանգությունը միջազգայնացնելու և հանրայնացնելու առումով: Այդ քաղաքականությունը մեր նախարարության և պետության համար շատ կարևոր են: Կոմիտասն այն անձանցից է ով խորապես ազգային է, միևնուն ժամանակ խորապես միջազգային»,- նշեց Խզմալյանը:

Համերգը կազմակերպել  էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Կոմիտասի 151-ամյակին նվիրված միջոցառումներն անց են կացվելու հեռուստատեսային ձևաչափով: Նախատեսված է 4 համերգ և լինելու է գիտական աշխատաժողով: Բացման համերգը հնարավոր կլինի դիտել սեպտեմբերի 26-ի երեկոյան ժամը 22:30-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ: Հաջորդիվ լինելու է 2 դաշնամուրային համերգ՝ պրոֆեսորներ Արմեն Բաբախանյանի և Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ:

Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցեւմ: Հոբելյանի շրջանակում ԿԵԱԿ-ի երգչախմբերը նախորդ տարի հանդես են եկել տարաբնույթ ելութներով ոչ միայն ՀՀ տարածքում, այլև արտերկրի բեմերում` մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:

Լիլիթ Դեմուրյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am