Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված

Armenpress 14:45, 26 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը:

Հարցին՝ արդյոք ձերբակալված անձը Ծովագյուղ համայնքի ղեկավարն է, Ռիմա Եգանյանը բացասական պատասխան տվեց: 

Մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին: Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am