Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 374 նոր դեպք, առողջացել է 240 քաղաքացի

Armenpress 11:11, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 48251 դեպք, որոնցից 43266-ն` առողջացած:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3748 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3913 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 272235 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 374 նոր դեպք և 240 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 945 (ավելացել է ևս 3-ով) դեպք:  ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61, 70, 85 տարեկան կանայք: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Արձանագրվել է նաև մահվան 292 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am