«Երևանյան բեսթսելեր». «Շաղգամն» ամենապահանջվածն է. մանկական, օգոստոս, 2020

Armenpress 11:03, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ օգոստոսի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո սերունդներ են մեծացել ու իմաստնություն ձեռք բերել:

«Ով է ապրում տնակում» հեքիաթը երկրորդ հորիզոնականում է: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը կտցահարում ծառը, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:

Երրորդ հորիզոնականում է Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը»: Ըստ իտալական լեգենդի՝ ամեն տարի Աստվածահայտնության տոնին, Բեֆանան տնետուն է շրջում և երեխաներին նվերներ բաժանում: Ջաննի Ռոդարիի այս գողտրիկ պատմության մեջ պառավ Բեֆանան խաղալիքների փոքրիկ խանութ ունի: Խաղալիքները, ցուցափեղկին կանգնած, հետևում են ձյունապատ փողոցի անցուդարձին՝ հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու կամքին: Սակայն հայտնության գիշերը նրանք կենդանություն են առնում, նստում «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը և որոշում իրենք իրենց նվիրել այն երեխաներին, որոնց խեղճ ծնողները չեն կարող զավակների համար նվերներ գնել: Երկնագույն նետի ուղևորները դառնում են սիրո, անձնազոհության և համերաշխության հրաշալի օրինակ փոքրիկ ընթերցողների համար:

Չորրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներն» են, որոնք քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքի, այլև մուլտֆիլմերի ու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերի տեսքով, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

Հինգերորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Վեցերորդ տեղում է Լուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան Կանաչ կտուրներից» վեպը: Այն 1908 թվականի առաջին հրատարակությունից ի վեր դարձել է համաշխարհային բեսթսելեր։ Վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել 36 լեզուներով։ Այն պատմում է մի որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, որը կօգներ Էվոնլի մտացածին գյուղում գտնվող իրենց ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք, և նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում, որտեղ աղջիկը վերջապես գտնում է իր տունը։

Յոթերորդ հորիզոնականում է Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»: Եթե ամռանն անտառ մտնեք, ապա մութն ընկնելուն պես անպայման կհանդիպեք կապույտ աղվեսիկին: Նրան անմիջապես կճանաչեք. չէ՞ որ աղվեսիկը կապույտ է: Նա շրջել է հեռավոր անտառներով՝ երազելով գտնել իր կապույտ անտառը. տեսել է աշնան անձրևի կաթոցը, ձմռան ձյունե ծածկոցն ու գարնանային ծաղիկները: Իսկ մի օր, երբ մութն արդեն ընկնում էր…

Ութերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» իններորդ հորիզոնականում է: Ամառային արձակուրդին Հարրի Փոթերը դարձյալ իր ազգականների տանն է, որտեղ նրա հետ կոպիտ ու վատ են վարվում: Շուտով Հարրին վերադառնում է դպրոց: Հելոուինին դպրոցի սրահներում տարօրինակ շշուկներ են լսվում, որ նշանակում է՝ հարյուրավոր տարիներ առաջ դպրոցում կառուցած Գաղտնիքների սենյակը կրկին բացվել է, և այնտեղ դարանած Սարսափն ազատ է արձակվել` սպառնալով ոչնչացնել ոչ կախարդ ընտանիքներում ծնված աշակերտներին:

Տասներորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:  Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե'ք «Հիսպանյոլան» ու համարձակ նավարկե'ք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի՞ է վստահել անձնակազմին: Ի՞նչ է թաքցնում կղզին: 

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 * «Շաղգամը»   Բուկինիստ 72 2 * «Ով է ապրում տնակում» Բուկինիստ 61 3 -2

Ջաննի Ռոդարի

«Երկնագույն նետը»

Զանգակ 28 4 *

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

GSM 22 5 * «Հայկական հեքիաթներ» GSM 22 6 նոր

Լուսի Մոդ Մոնտգոմերի

«Աննան Կանաչ կտուրներից»

Էդիթ Պրինտ 21 7 +2

Լիլիթ Ալթունյան

«Կապույտ աղվեսը»

Զանգակ 20 8 -3

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»

Զանգակ 18 9 -3

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը»

Զանգակ 18 10 -3

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

«Գանձերի կղզին»

Զանգակ 16


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am