Ճանաչե՛ք մեր մշակույթը․ այսօր ժեստերի լեզվի միջազգային օրն է

Armenpress 11:40, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լսողական խանգարում ունեցողները «լսողների աշխարհում» խնդիրների են բախվում: Այդ խնդիրներին ծանոթանալու նպատակով այցելեցինք Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, որն իր տեսակով միակն է ամբողջ Հայաստանում։

Դարպասներից ներս ենք մտնում, մեզ ջերմաչափում են և ուղեկցում տնօրենի մոտ։ Այնտեղ սովորող երեխաները նայում ու ժպտում էին. դրական էներգիան ապահովված էր։ Հասանք տնօրեն Լուսինե Բաբայանի աշխատասենյակ, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին։ Մինչ հարցազրույցը սկսելը խնդրեցի կանչել մի քանի երեխայի, որպեսզի ծանոթանանք, ինչպես նաև ցանկանում էի, որ իրենց սրտի խոսքն ասեն «լսողների աշխարհում» գտնվողներին։

Քիչ անց նրանք ներս մտան ու դիմակների տակից պայծառ աչքերով ժպտացին մեզ՝ լուսանկարչին ու ինձ։ Նրանց հետ էր նաև իրենց ուսուցիչը՝ Զուբեյդա Մելիքյանը։ Կրթահամալիրի աշակերտները ժեստերի լեզվով ասացին. «Խուլեր, լսողներ… Աշխարհում բոլորս հավասար ենք: Ճանաչե՛ք մեր մշակույթը»: Արտահայտությունն ասելու ընթացքում նրանք մի քանի անգամ բողոքեցին դիմակներից, քանի որ իրենց համար կարևոր է տեսնել շրթունքները, դիմախաղը, ինչը դիմակն անհնար է դարձնում։

Նրանցից մեկը՝ 11-րդ դասարանցի Բելլա Հայրապետյանը, ցանկանում է դառնալ մնջախաղի դերասան։ 

«Դպրոցում բացվել էր մնջախաղի խմբակ, սկզբում չէի պատկերացնում, թե ինչպես է ամեն ինչ ընթանալու, սակայն 3-4 տարի պարապելուց հետո հստակ որոշել եմ դառնալ մնջախաղի դերասան։ Դպրոցում շատ խմբակներ կան, ես էլ սիրում եմ «քիթս ամեն տեղ մտցնել», ինձ ամեն ինչ հետաքրքրում է։ Շատ եմ սիրում նաև հիփ­հոփ պարել»,- ասաց Բելլան, ով շատ գեղեցիկ երկնագույն աչքեր ուներ, որ անմիջապես առանձնանում էին։

Աշակերտներից մյուսը՝ նույնպես 11-րդ դասարանցի Ժորժ Լալայանն ասում է. «Շատ եմ սիրում նկարչական արվեստ, դիզայն։ Ես ամեն ինչ տեսնում եմ, ամեն ինչ զգում եմ ու ցանկանում եմ յուրահատուկ բաներ ստեղծել։ Ուսումնասիրում եմ մինչև 70-ականների հագուստի դիզայնը։ Դպրոցում «Հայոց լեզու և գրականություն», ինչպես նաև «Պատմություն» առարկաներն եմ շատ սիրում։ Այստեղ հաճախում եմ մեր որոշ խմբակներ, քանի որ ինձ շատ բաներ են հետաքրքրում»,- նշեց Ժորժը։ Նա շեշտեց, որ շուտով ավարտելու է դպրոցը, ընդունվելու է բուհ և, անկեղծանալով, ասաց. «Ինձ համար այս ամենում կարոտ կա, արդեն կարոտում եմ դպրոցն ու այս միջավայրը»։

Աշակերտներից ամենաակտիվը 17-ամյա Դավիթ Ամիրշատյանն է, որն ապրում է Էջմիածնում։ Նշեց, որ նկարել է շատ սիրում, սակայն երազանք է ունեցել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում աշխատեր ու դառնար հրշեջ-փրկարար։

«Բայց ԱԻՆ-ում ինձ համար դժվար կլինի և, քանի որ սիրում եմ նաև նկարել հիմնականում մուլտեր, ապա, կարծում եմ, կրթությունս հենց այդ ուղղությամբ կշարունակեմ։ Գիտեմ, որ Աստծո օրհնությամբ ես ամեն ինչ կհաղթահարեմ»,- ասաց Դավիթն ու հավելեց, որ դպրոցում սովորեցնում են գորգագործություն, ըմբշամարտ, մնջախաղ, վարսահարդարում, կոշկակարություն, կար ու ձև, և ինքն էլ գրեթե բոլոր խմբակներին հաճախում է ու մշտապես զբաղված է։

Աշակերտների հետ զրուցելուց հետո խոսեցինք նաև տնօրեն Լուսինե Բաբայանի հետ: Նա մասնագիտությամբ հատուկ մանկավարժ է, մանկավարժական գիտությունների թեկնածու։

«Մեր դպրոցն իր տեսակով միակն է Հայաստանում, և այստեղ կրթությունը կազմակերպում ենք բոլոր մակարդակներում՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց։ Ներկայումս դպրոցում ունենք 120 լսողության ծանր և խորը խանգարումներ ունեցող սաներ, ովքեր ՀՀ-ի բոլոր մարզերից են, Արցախի Հանրապետությունից և Վրաստանից։ Նրանց մոտ 60 տոկոսը մարզերից են։ Մենք դպրոցում ունենք 96 աշխատակից, որոնցից 54-ը մանկավարժ են»,- ընդգծեց Բաբայանը։

Ավագ դպրոցում աշակերտները հնարավորություն ունեն սովորելու մասնագիտական առարկաներ, որպեսզի հեշտությամբ կողմնորոշվեն, թե ինչ մասնագիտություն են ցանկանում ընտրել։

Դպրոցի տնօրենը նշեց, որ մոտ ապագայում նախատեսում են միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնել, որ չլսող երիտասարդները նախընտրում են վարսահարդարում, խոհարարություն, լուսանկարչություն և օպերատորություն, ինչպես նաև համակարգչային դիզայնի հետ կապված մասնագիտություններ։

«Այս տարի մեր սաներից 3-ն ընդունվել են բուհեր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարաններ։ Բուհերում նրանք հաղորդկացվելու են ժեստերի լեզվով, սակայն այստեղ մեծ խնդիր գոյություն ունի՝ այդ հաստատություններում, ցավոք, չկան համապատասխան մասնագետներ։ Բազմաթիվ տեղերում մեր երիտասարդներն ընդգրկված չեն, քանի որ հաղորդակցման խնդիր կա։ Հիմնականում կրթահամալիրն ավարտող սաներին օգնում են բոլոր ուսուցիչները, այդ թվում ժեստերի լեզվի ուսուցիչը, սուրդոթարգմանիչը։ Ծնողները, ովքեր տիրապետում են ժեստերի լեզվին, նույնպես աջակցում են երեխաներին հաղորդակցման խնդիրներից խուսափելու համար»,- ասաց Բաբայանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում հեռակա ուսուցման է դիմել նաև կրթահամալիրի սաներից մեկը՝ պարարվեստի բաժին, երկու հոգի էլ ընդունվել են հունահռոմեական ըմբշամարտի բաժին։ Նրանցից մեկը հենց կրթահամալիրի ըմբշամարտի ուսուցիչն է։

Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում բոլորը միմյանց հասկանում են, սակայն պատկերն այլ է դպրոցի պատերից դուրս։ Խնդիրը նրանում է, որ ժեստերի լեզվին տիրապետում են շատ քչերը և լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար հաղորդակցվելը դառնում է անհնար։

«Եթե անգամ մի օր որոշում կայացնենք, որ բոլոր երեխաներին կցված լինեն սուրդոթարգմանիչներ, որ բուհերն էլ պատրաստ լինեն աշխատանքի վերցնել սուրդոթարգմանիչների՝ մենք չենք կարողանա մատուցել այս ծառայությունը։ Հայաստանի Հանրապետությունում չկա սուրդոթարգմանիչներ պատրաստող ոչ մի կրթական հաստատություն ։

Խնդիր կա նաև հեռուստահաղորդումների՝ ժեստերի լեզվով չթարգմանվելու առումով, քանի որ անգամ, եթե որոշ բաներ թարգմանվում են, ապա ժամերը համընկնում են աշակերտների դասաժամերի հետ։

«Օրինակ մանկական հաղորդումները թարգմանվում են ժեստերի լեզվով ցերեկվա այն ժամերին, երբ մեր սաները դասի են։ Այստեղ հարց է առաջանում, թե ում համար են այդ թարգմանությունները, որ խմբի համար են դրանք արվում»,- ասաց Բաբայանն ու հավելեց, որ ժեստերի լեզվի նկատմամբ պետք է պետական աջակցման մոտեցում լինի։

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներում ազգային ժեստերի լեզվին տրված է պետական լեզվի կարգավիճակ, սակայն Հայաստանում այս խնդիրը լուծված չէ։

«Չլսող մարդկանց լիարժեք հաղորդակցման անջրպետը հաղթահարելու առաջին լուծումը ժեստերի լեզվի թարգմանիչների կրթության կազմակերպման և լեզվին կարգավիճակ տալու հարցերն են։ Պետական կարգավիճակ տալու դեպքում օրենքով կկարգավորվի դաշտը, ինչի շնորհիվ էլ կտրվեն լուծումները»,- նշեց Բաբայանը։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի, գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս, Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Մուրադյանի կարծիքով աշխարհում առկա մոտ 2 500 լեզվի մեջ չպետք է տարանջատել ժեստերի լեզուն։

«Մեր համալսարանում սովորեցնում ենք մատնախոսություն, ժեստերի լեզու։ Մատնախոսությունն այբենական համակարգն է, այսինքն, յուրաքանչյուր մատնաձև ունի իր տառը, իսկ ժեստերի լեզվի մեջ միանգամից բառեր են, քանի որ, օրինակ, սուրդոթարգմանիչը չի հասցնի մատնախոսությամբ թարգմանել տեքստերը, ելույթները և այլն։  Վերջիններս թարգմանությունների ժամանակ մատնախոսում են միայն հատուկ անունների դեպքում։ Մատնախոսության դեպքում ընտրվում է դոմինանտ ձեռքը, իսկ ժեստերի լեզվի մեջ երկու ձեռքն էլ օգտագործվում են»,- ասաց Մուրադյանը։

Ֆակուլտետում հիմնականում աղջիկներ են սովորում, սակայն մագիստրատուրայում սովորում է մի տղա, որը ներկայումս խմբակներ է բացել և իրականացնում է ժեստերի լեզվի ուսուցում։

ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված բոլոր գործընթացները պետությունը կազմակերպում է օրենսդրական դաշտի հիման վրա։

«Մեզ համար հիմք է «Հաշմանդամություն ունեցող անձնանց մասին» կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է 2010 թվականին։ Դպրոցում ժեստերի լեզուն ներառված է որպես ուսումնական պլանի առարկա, սակայն աշակերտներն անպայման սովորում են նաև գրավոր հաղորդակցում։ Մենք ունենք նաև հայերեն ժեստերի լեզվի բառարան, որը կարող է օգտագործվել լսողության խանգարումներ ունեցողների հետ շփումն ապահովելու համար»,- ասաց Մուրադյանը։

Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորում է մոտ 6 հազար կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա։

Լսողական խանգարումները կարող են առաջանալ մի քանի պատճառով։ Այստեղ էական նշանակություն ունի ժառանգական կապը։ Երկու խուլ ծնողից խուլ երեխա ծնվելու հավանականությունը 10% է կազմում։ Երկրորդ խմբի մեջ են մտնում լսող ծնողները, ովքեր ունեն խուլ երեխաներ։ Այս խմբում ավելի շատ ներառական դպրոցներում ընդգրկված երեխաներն են, որոնց ծնողները լսում են։ Երրորդ խմբի մեջ են մտնում խուլ ծնողները և լսող երեխաները։ 

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը սեպտեմբերի 23-ը հռչակել է որպես Ժեստերի լեզվի միջազգային օր: Օրվա նպատակն է ի պաշտպանություն խուլ մարդկանց իրավունքների իրացման՝ իրազեկել Ժեստերի լեզվի կարևորության, Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայով ժեստերի լեզվի ճանաչման ու խթանման մասին։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի, Մխիթար Խաչատրյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am