Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնում

Armenpress 21:03, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը սեպտեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանի ուղեկցությամբ Ծառայության ղեկավար կազմը շրջայց է կատարել Սևանի բաժնում, ապա Մարտունի-Վարդենիս տարածաշրջանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, բաժնի աշխատանքների կազմակերպմանը և առկա խնդիրներին:

Խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանն անդրադարձել է քաղաքացիների համար կենսական կարևորության խնդիրներին հրատապ լուծում տալու առաջնահերթության նպատակով Ծառայության կողմից նոր ձևավորված #Քո_Արգելանքը  արագ արձագանքման խմբի գործունեությանը՝ նշելով, որ այդ կերպ փորձ է արվել նվազեցնել գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև սպասարկման կենտրոններում բացառել քաղաքացիների կուտակումները։

Գեղարքունիքի մարզային բաժնի պետը խորհրդակցության ժամանակ զեկուցել է կատարողական  վարույթների մասին, բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

Ծառայության բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար աշխատանքային հանդիպման ավարտին տրվել են հատուկ հանձնարարականներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am