Գեղարքունիքում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը
ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի երրորդ տասնօրյակից ՀՀ կառավարության կողմից իրականացվող համավարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում մեկնարկում է «Գետերի ափամերձ տարածքների պաշտպանության ծրագիր»-ը: Այն իր մեջ ներառում է գետերի ափամերձ տարածքներում ուռենու կտրոնների, առանձին ծառատեսակների տնկիների տնկման եւ աղբահավաքման ու աղբահեռացման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ծրագրի մեկնարկից առաջ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ծրագիրն իրականացնող Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի և «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի փորձագետներին:
Ինչպես ներկայացրին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի պատասխանատուներ Ալլա Բերբերյանը եւ Արթուր Հարությունյանը, նախատեսվում է Մաքենիս, Մարտունի եւ Արգիճի գետերի ափերում կատարել 50 հազար տնկիների եւ մինչեւ 500 հազար հատ ուռենու կտրոնների տնկում: Աշխատանքներում պետք է ներգրավվեն մինչեւ 450 աշխատողներ, ովքեր կվճարվեն կատարած աշխատանքի դիմաց սահմանված չափորոշիչներով: Միաժամանակ պետք է կենցաղային աղբի թափոններից մաքրվեն գետերի հուներն ու ափերը: Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար նրանք խնդրեցին Գեղարքունիքի մարզպետարանի եւ առանձին համայնքապետարանների աջակցությունը: «Ցանկալի է, որ աշխատանքներում մարդիկ ընդգրկվեն զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից ներկայացված ցուցակներով: Կարեւոր է նաեւ, որ առաջին հերթին նախապատվությունը տրվի Կորոնավիրուսից տուժած անձանց կամ ընտանիքներին: Այս ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գործընկերությամբ, միաժամանակ բնապահպանական կարեւոր նշանակություն է ձեռք բերում: Ծրագրի առաջին փուլը, որն իրականացել է այս տարվա գարնանը, տվել է ցանկալի արդյունք. Մաքենիս եւ Արգիճի գետերի ափերում տնկված ուռենու մոտ 110 հազար կտրոններից, մեր դիտարկումներով, բավարար կպչողականություն են ապահովել դրանց ավելի քան 60 տոկոսը: Կտրոնների եւ տնկիների տունկը նախատեսում ենք իրականացնել սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Հուսով եմ, որ համայնքները բարեհաջող կներգրավվեն ծրագրերում: Նրանց հետ համատեղ մենք պետք է հոգանք տնկիների հետագա պահպանության եւ խնամքի մասին: Ծրագիրն ունի նաեւ կրթական բաղադրիչ, որով նախատեսվում է ուսուցում կազմակերպել մեր շահառուների հետ՝ նրանց տալով համապատասխան գիտելիքներ ու տեղեկատվություն»,-նշեց «Էյ Թի ՓԻ» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը:
ԳՀՄԸ-ի կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի ներկայացուցիչ, ծրագրի պատասխանատու Ալլա Բերբերյանը հույս հայտնեց, որ գետերի ափամերձ տարածքները կենցաղային աղբի թափոններից մաքրելուց հետո համայնքապետարանների պատասխանատվությամբ կբացառվի կամ նվազագույնի կհասցվի դրանց հետագա աղտոտումը:
Մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար Գեղարքունիքի մարզպետարանը կցուցաբերի պահանջվող աջակցությունը: Ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունը կցուցաբերեն նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը եւ «Սեւան ազգային պարկ»-ը: «Մենք պատրաստ ենք համատեղ աշխատելու, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվի տնտեսական ու բնապահպանական նշանակության այս կարեւոր ծրագիրը:Համայնքների հետ եւս կաշխատենք համագործակցված, կկարգավորենք նախապատրաստական շրջանում ի հայտ եկած բոլոր խնդիրները»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Խոսրով Խլղաթյան